AM
15 Ապրիլ 2026 - 07:39 AMT

Հարությունյանն ու Մարագոսը քննարկել են մայիսին Երևանում կայանալիք ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի օրակարգը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ապրիլի 14-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են մայիսին Երևանում նախատեսվող ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցերը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված թեմաները։

Կողմերը կարևորել են Հայաստան–ԵՄ համագործակցության հետևողական զարգացումը և ընդգծել հագեցած երկկողմ օրակարգի առաջմղման նշանակությունը։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործընթացում ԵՄ-ն ցուցաբերել է աջակցություն՝ հավելելով, որ այդ ռեֆորմների շարունակական ապահովումը հանդիսացել է կառավարության առաջնահերթություններից մեկը։

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։