AM
15 Ապրիլ 2026 - 08:26 AMT

Սաղաթելյանն ընդդիմությանը միասնական հանրահավաքի կոչ է արել՝ «ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով ընդդիմադիր կին քաղաքական գործիչների վերջին ձերբակալություններին, հորդորել է չզարմանալ իշխանությունների գործելաճոից: Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Նա կոչ է արել ընդդիմությանը հրավիրել միասնական հանրահավաք՝ «ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»:

Թվարկելով մի շարք ձերբակալությունների դեպքեր՝ Սաղաթելյանը նշել է, որ անկախ տարաձայնություններից և նրանից, որ առաջիկա ընտրություններին մրցակիցներ են լինելու, կան հարցեր, որոնց շուրջ ընդդիմադիր ուժերի միջև պետք է լինի կոնսոլիդացիա։

«Գոյություն ունեն կարևորագույն, առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքը վերաբերում է այս իշխանությանն ապօրինություններին, հալածանքներին համատեղ ուժերով դիմագրավելուն, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելուն, առաջիկա ընտրությունների վերահսկողությունն իրականացնելուն։ Մենք ունենք առաջարկություն, որ այս հարցերի շուրջ ընդդիմադիր ուժերը հրավիրեն միասնական հանրահավաք՝ այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու ու համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար»,-ասել է Սաղաթելյանը։

Ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։ Ղումաշյանը մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու համար։