Շատ կարևոր է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չառաջացնեն ոչ մասնակիցների, ոչ հանրության մոտ, հայտարարել է, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովում՝ ներկայացնելով հանձնաժողովի 2024-2025 թվականների աշխատանքը:
Նա ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում անցկացված ընտրությունների արդյունքների բողոքարկումներ չեն արձանագրվել, հայտնում է Արմենպրեսը:
«2024-25 թթ․-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների չորս ընտրություններ, որոնցից 3-ը համամասնական ընտրակարգով, մեկը՝ մեծամասնական ընտրակարգով։ Եվ պիտի արձանագրեմ այն փաստը, որ բոլոր 4 դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում չենք ունեցել»,- նշել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս կազմի գործունեության ընթացքում կազմակերպվել են տասից ավելի համամասնական ընտրակարգով ընտրություններ, ներառյալ Երևանի ավագանու ընտրությունները, և այդ գործընթացներում ևս արդյունքների բողոքարկում չի գրանցվել։
ԿԸՀ նախագահը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը կենտրոնացած է եղել ընտրական համակարգի զարգացման, ինչպես նաև առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման վրա։
Հովակիմյանը հիշեցրել է, որ 2025 թվականի ապրիլին ԿԸՀ-ն ընդունել է 2020-2028 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը, որի հիմնական նպատակը ժողովրդի իշխանության իրացման ապահովումն է՝ ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների միջոցով։
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ընտրությունները ավարտվեն քվեարկության փուլով»,- ընդգծել է նա։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ռազմավարության առանցքային ուղղություններն են ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպումը, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, տեխնոլոգիական առաջընթացը, ընտրողների կրթությունն ու իրազեկումը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացումը։
Նա հավելել է, որ ընտրական գործընթացներում առաջացող խնդիրների հիմնական պատճառը հաճախ գիտելիքի պակասն է, ինչի պատճառով ԿԸՀ-ն կարևորել է բոլոր ներգրավված կողմերի շարունակական վերապատրաստումները։
Հովակիմյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկության հիմնական փուլը կազմակերպվում է թղթային տարբերակով, մինչդեռ գործընթացի մյուս բաղադրիչների ապահովման համար արդեն ներդրվել են թվային գործիքներ, հայտնում է 1lurer.am-ը:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ որոշ դեպքերում պահպանվում են նաև թղթային տարբերակները՝ օրինակ քաղաքական կուսակցությունների առաջադրման գործընթացում։ Ընտրություններին մասնակցել ցանկացող բոլոր քաղաքական ուժերը ընտրությունների նշանակվելուց հետո կարող են դիմել և ստանալ համապատասխան օգտահաշիվ։
«Այդ օգտահաշվով կարողանում են ձևավորել իրենց ցուցակները, կարողանում են ներկայացնել կից փաստաթղթերը, այսինքն՝ համակարգը դրա հնարավորությունը տալիս է, կարողանում են հետագայում հայտարարագրեր ներկայացնել, այդ թվում՝ քարոզարշավի փուլում ֆինանսական հաշվետվությունները:
Երեկ արդեն իսկ հրավիրել էինք օգտահաշիվ ստացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ քաղաքական այն ուժերին, որոնք օգտահաշիվ դեռ չեն ստացել, բայց կարող են մտադրություն ունենալ, որ առավել մանրամասն ծանոթանային այդ գործիքակազմի հետ»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրման գործընթացը լիովին թվայնացվել է, ինչի շնորհիվ այլևս անհրաժեշտ չէ անձամբ այցելել ԿԸՀ։ Դիմումները ներկայացվում են e-request համակարգի միջոցով, որտեղ տվյալները գրանցվում և ավտոմատ կերպով ստուգվում են։
Անդրադառնալով քվեարկության արդյունքների ուղիղ հեռարձակմանը՝ ԿԸՀ նախագահը ընդգծել է, որ այս ուղղությամբ համակարգը զգալիորեն ընդլայնվել է։
«2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հեռարձակումն ապահովվել է ընտրողների 97 տոկոսը ներառող մոտ 1500 տեղամասից:
Առաջիկա ընտրություններում հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող մոտ 1800 տեղամասից»,- նշել է նա՝ հավելելով, որ կան փոքրաթիվ տեղամասեր, որտեղ հեռարձակման ապահովումը բարդ և ծախսատար է՝ պայմանավորված դրանց բարձրադիր տեղակայմամբ։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





