Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը: Գործը մակարագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։
Տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարան են բերել ոստիկանական մեքենայով։
Լրագրողները նրան հարցրել են, թե ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից։ Կարապետյանը չի պատասխանել, ասել է «բարև ձեզ» ու մտել դատարան, հայտնում է Panorama.am-ը:
Մինչ նիստի մեկնարկը պաշտպանները դատարանին ներկայացրել են միջնորդություն։
«Նախնական դատալսումներն իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումն է։ Գործընկերների հետ մուտք ենք արել միջնորդություն՝ ուղղված պատվարժան դատավոր Դոլմազյանին առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարցը։ Բացահայտեմ նաև պատճառաբանությունը, յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից»,-նախօրեին լրագրողներին ասել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Դատավարությունը կընթանա առանց տեսանկարահանման։ Կարապետյանի փաստաբանները դեմ արտահայտվեցին տեսանկարահանմանն ու հեռարձակմանը, հայտնում է Radar Armenia-ն:
Ըստ նրանց՝ տեսանկարահանումն ու հեռարձակումը կխոչընդոտի իրենց մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելուն։ Կարապետյանն էլ ասել է որ այս հարցը թողնում է փաստաբանների հայեցողությանը։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Մեղադրյալների ինքնությունները պարզելիս Սամվել Կարապետյանը հայտնել է, որ ՀՀ քաղաքացի է և ռեզիդենտ, բացի այդ՝ նաև Ռուսաստանի Դաշնության և Կիպրոսի անձնագրեր ունի, որոնցից հրաժարվելու գործընթաց է սկսել, հայտնում է Factor.am-ը:
«Քանի որ ես «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն եմ և մասնակցում եմ ընտրություններին, վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել եմ այդ անձնագրերից հրաժարվելու գործընթաց »,- ասել է Կարապետյանը:
Կրթության մասին հարցին ի պատասխան Կարապետյանն ասել է, որ ինքը տնտեսական գիտությունների դոկտորի կոչում ունի:
Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու մեջ:





