«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցվել է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Մեր կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն մեր արժեքները կիսող թեկնածուներ։ Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։
Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ։
Այսօր, դեռևս մինչև ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների, կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել։ Այն ուժի համար, որի գլխավոր ռեսուրսը ոչ թե մեծ բյուջեն է կամ վարչական լծակները, այլ ճշմարտությունն ու արժանապատվությունը, սա ազնիվ և լավ մեկնարկ է։
Արդարությունը գալիս է, միացե՛ք մեզ․ միասին կգտնենք խելամիտ լուծումներ մեր երկրի բոլոր խնդիրների համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին, սակայն ապրիլի սկզբին հայտարարվեց, որ համագործակցությունը դադարեցվում է:





