AM
15 Ապրիլ 2026 - 09:38 AMT

ԵՄ-ն երկրորդ քաղաքացիական առաքելությունը կուղարկի ՀՀ

Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են որոշում՝ Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու վերաբերյալ՝ նախապատրաստելով դրա վերջնական հաստատումը, որը ակնկալվում է հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում։

«Ազատության» տրամադրության տակ հայտնված ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկում ներկայացված են առաքելության մանդատը, կառուցվածքը և ժամկետները։

Փաստաթղթի համաձայն՝ առաքելությունն ուղղված է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ նախարարություններին և անվտանգային կառույցներին տրամադրելով ռազմավարական ու գործնական խորհրդատվություն և աջակցություն։

Նշված խորհրդատվությունները կենտրոնացած են լինելու քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտման և դրանց արձագանքման, կիբերհարձակումների կանխման, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի վրա։ Առաքելությունը նաև գնահատելու է անվտանգության ոլորտում կարողությունների զարգացման անհրաժեշտությունները, որպեսզի Հայաստանը կարողանա ավելի արդյունավետ բացահայտել և հակազդել նման սպառնալիքներին՝ կիրառելով ԵՄ չափանիշներն ու մեթոդաբանությունը։

Նախքան այդ, առաքելության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ առաջիկա հունիսին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները, դրանց հաջորդող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հնարավոր սահմանադրական հանրաքվեն կարևոր նշանակություն ունեն ինչպես ներքին կայունության, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից։

Ավելի վաղ Բաքուն քննադատել է իր սահմանների մոտ՝ Հայաստանի տարածքում եվրոպացի անզեն դիտորդների տեղակայումը և հասել է նրան, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում ամրագրվել է՝ համատեղ սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայվի։ Նոր առաքելություն ուղարկելով՝ Բրյուսելը ընդգծել է, որ դրա նպատակն է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։

«Ազատության» տրամադրության տակ առկա փաստաթղթերից մեկը հանձնարարում է Արտաքին հարաբերությունների ծառայությանը «շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ՝ ԵՄ աջակցության նպատակը բացատրելու, խաղաղության գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»։

Խոսելով հնարավոր վտանգների մասին՝ փաստաթուղթը Հայաստանում ներքաղաքական զարգացումներից, արտաքին տնտեսական ճնշումներից ու տեղեկատվական մանիպուլյացիաներից բացի առանձնացրել էր նաև Իրանի դեմ պատերազմը, մանրամասնելով՝ «Հայաստանի՝ ընդամենը երկու բաց սահմաններից մեկը Իրանի հետ է և առանցքային նշանակություն ունի Հայաստանի հաղորդակցության ու հյուսիս-հարավ տրանսպորտային և առևտրային միջանցքի համար»։

«Այս լարվածությունը կարող է էլ ավելի մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի տնտեսության և էներգետիկ կարիքների վրա և շահարկվել ընտրությունների շեմին», – արձանագրում է փաստաթուղթը, հավելելով՝ կան նաև հնարավոր միգրացիոն հոսքերի, կազմակերպված հանցագործության կամ այլ անօրինական գործունեության ռիսկեր:

Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։

«Առանց ԵՄ որոշումների կայացման ինքնավարությանը և դրա միասնական կիրարկմանը վնաս հասցնելու՝ երրորդ պետությունները կարող են մասնակցել առաքելությանը՝ պայմանով, որ նրանք կհոգան իրենց կողմից գործուղված անձնակազմի ծախսերը», – ասված է ընդունված փաստաթղթում։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: