Գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանից, հայտնում է Sputnik Արմենիան:
«Նիստը կշարունակվի ապրիլի 17-ին` ժամը 13:30–ին»,– հայտնել են դատարանից։
Ապրիլի 15-ի առավոտյան Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել էր Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:
Պաշտպան Արշակ Վարդանյանը նշել է, որ Կարապետյանի հետ կապված գործերով առկա 42 վկայի նախաքննական ցուցմունքներում նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքներին վերաբերող հանգամանքներ չեն հաստատվել, հայտնում է Factor.am-ը:
Այսպիսով, ըստ պաշտպանական կողմի, չի կարող առկա լինել ազատության մեջ մնալու դեպքում վկաների վրա ենթադրյալ ազդեցության ռիսկ: Կարապետյանը, ըստ պաշտպանական կողմի, չի կարող խուսափել քննությունից:
«Սամվել Կարապետյանը փախչող տեսակ չէ, նա քաղաքական հայտ է ներկայացրել և հանդիսանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը»,- ասաց Արշակ Վարդանյանը:
2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն՝ այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ նշելով, որ մի փոքր խմբակ, անտեսելով հայոց պատմությունն ու եկեղեցու հազարամյա ուղին, հարձակում է իրականացրել եկեղեցու և ժողովրդի դեմ։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերի, տուրքերի կամ այլ վճարների չվճարում), 296-րդ հոդվածով (փողերի լվացում), ինչպես նաև 422-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր)։





