AM
15 Ապրիլ 2026 - 12:36 AMT

Վարդևանյանն անընդունելի է համարել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկման հետաձգումը

Փաստաբան Արամ Վարդևանյանն անընդունելի է համարում դատարանի մոտեցումն առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու հարցի քննարկման հետաձգումը: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան:

Կարապետյանի խափանման միջոցի հարցով հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին՝ ժամը 13։30-ին։

«Անընդունելի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, այնուհետև ծանրաբեռնվածության պատճառով այն հետաձգվում է։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ փոխվի խափանման միջոցը, քանի որ նույնիսկ դա կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցելու համար։ Փաստացի արդեն 2 օրով զրկվել են դրանից»,- նշել է փաստաբանը։

Նա ընդգծել է, որ, չնայած իր գնահատմամբ տեղի ունեցող հետապնդումներին և «աբսուրդներին», շարունակում է հավատալ իրավունքի գերակայությանը։

Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը: Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:

Վարդևանյանն ասել է, որ պաշտպանները միջնորդել են, որ տնային կալանքը պետք է վերացվի, այն ողջամիտ լինել չի կարող, հայտնում է Panorama.am-ը:

«2026 մարտի 14-ի դատական ակտում նախագահությամբ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի նշվում էր մեկ հանգամանք, թե ինչու է տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվում։ Դատախազ Դալլաքյանն այդ ակտը չի բողոքարկել, մինչդեռ այսօր միջնորդում է երեք ամսով երկարացնել տնային կալանքը։ Դալլաքյանը համաձայն էր, որ մեկ ամիս պետք է երկարացվի տնային կալանքը բացառապես այն հիմքով, որ նախաքննության ընթացքում պետք է գործողություններ կատարվեն։

Մինչդեռ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, ակտիվ գործողություններ չկան, բայց հիմա գալիս է ու դիրքորոշում ներկայացնում երեք ամսով տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Արգամ Դալլաքյանը չի հանդիսանում անկողմնակալ դատախազ։ Սա իրավական գործընթաց չէ, տեսնում ենք քաղաքական հետապնդում, միայն այդ դեպքում է, որ կարող է այդպես լինել»,-ասել է նա։

2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն՝ այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ նշելով, որ մի փոքր խմբակ, անտեսելով հայոց պատմությունն ու եկեղեցու հազարամյա ուղին, հարձակում է իրականացրել եկեղեցու և ժողովրդի դեմ։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Ավելի ուշ կալանքը փոխարինվել է տնային կալանքով:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերի, տուրքերի կամ այլ վճարների չվճարում), 296-րդ հոդվածով (փողերի լվացում), ինչպես նաև 422-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր)։