AM
16 Ապրիլ 2026 - 08:28 AMT

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացել է Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Դատարանը որոշել է անփոփոխ թողնել խափանման միջոցը և այն երկարացնել ևս երեք ամսով, հայտնում է «Փաստինֆոն»:

Գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, դատարանում հրապարակվել են որոշակի ապացույցներ, այդ թվում՝ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տրված խոստովանական ցուցմունքներից։

Հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը ներկայացրել է միջնորդություն՝ մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու վերաբերյալ։ Պաշտպանության կողմը դեմ է արտահայտվել այդ միջնորդությանը։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանը հանդես է եկել հակամիջնորդությամբ՝ առաջարկելով Օհանյանի նկատմամբ կալանքը փոխարինել տնային կալանքով։ Վերջինս պնդել է, որ որևէ խնդիր չի ունեցել տուժողների հետ, վրեժի դրդապատճառ չի եղել, և իր գնահատմամբ՝ ինքն անհիմն է պահվել կալանքի տակ։

2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում, իր նորակառույց տան հարևանությամբ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ով եղել է Գրիգորյանի ընկերը և դեպքի պահին գտնվել է նրա հետ՝ ոչ ծառայողական պարտականությունների շրջանակում։