AM
16 Ապրիլ 2026 - 08:42 AMT

Խուզարկություններ` «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում․ 15 անձ բերման է ենթարկվել

Ապրիլի 16-ի առավոտից խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, կան բերման ենթարկվածներ: Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

Ավելի ուշ փաստաբան Յուրա Իվանյանը հայտնել է, որ 14 անձ բերման է ենթարկվել, հայտնում է Aysor.am-ը:

«Առավոտվանից փորձում ենք ճշտել, թե այդ անձինք ո՞ւր են տարվել, ինչի՞ համար, որևէ ինֆորմացիա չենք ստանում։ Նշեմ, որ առավոտից փորձում ենք մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե, իրականացնել մեր վստահորդների պաշտպանությունը, սակայն թույլ չեն տալիս», – ասել է Իվանյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ավելի ուշ հայտնել է, որ 15 անձ է բերման ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել:

«Էլի մեղադրանքը նույնն է, իբր թե բարեգործության արգելքն է խախտվել։ Սա արդեն ձեռագիր է։ Իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բարեգործության միջոցով փորձում է հակաօրինական գործունեություն իրականացնել», – ասել է նա։

Մելոյանը հայտնել էր նաև, որ բերման ենթարկվածների թվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու:

«Մենք հիմա ուղևորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե, ուղղակի ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը։ Ավելի եք մոտիվացնում մարդկանց՝ նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»,-գրել է նա։

Ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։