AM
16 Ապրիլ 2026 - 11:20 AMT

ՀԿԿ․ 14 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1Lurer.am-ը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ բացահայտվել են «ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»:

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արտաշատի գրասենյակից կուսակիցների և համակիրների ձերբակալությունները համարում է «հերթական սարքոց»՝ դրանք գնահատելով որպես սպասելի ռեպրեսիաներ, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ որևէ տեղեկություն չունի այն մասին, թե ինչ հիմքով են մարդիկ բերման ենթարկվել։

«Նման թույլ իշխանությունը, բնականաբար, պետք է դիմի նման միջոցների։ Կարծում եմ, պայթեց այն փուչիկը, որ այս իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը»,-ասաց Ղազինյանը։

Նրա ունեցած տեղեկություններով, կուսակցության անդամներին մարզերում ներքին կարգով հրավիրում են պետական, իրավապահ տարբեր կառույցներ խոսում են նրանց հետո, համոզում, որոնք ռեպրեսիաներ են։

Ապրիլի 16-ի առավոտից խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում: «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ավելի ուշ հայտնել է, որ 15 անձ է բերման ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել:

«Էլի մեղադրանքը նույնն է, իբր թե բարեգործության արգելքն է խախտվել։ Սա արդեն ձեռագիր է։ Իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բարեգործության միջոցով փորձում է հակաօրինական գործունեություն իրականացնել», – ասել է նա։