AM
16 Ապրիլ 2026 - 12:29 AMT

Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալության մասին․ «Դիտարկեք որպես նախընտրական շոու»

«Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալություններն ուղղված են կուսակցության աշխատանքները կազմալուծելուն, հայտարարել է Վանաձորի նախկին քաղաքապետ, կուսակցության ցուցակում ընդգրկված Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում:

«Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ նրա, գլոբալ առումով սա իշխանությունների հավելյալ վախերի, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է։

Ասլանյանը նշել է նաև, որ վերջին տարիներին Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության մեծ մասը ներգրավված է կոռուպցիոն գործընթացներում։

«Եկեք չառաջնորդվենք հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական պրես ռելիզներով, առաջանորվենք նրանով, թե ինչ է կատարվում ռեալ կյանքում՝ ինչ է տեղի ունենում մեր շուրջը»,-ասել է նա:

«Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալության մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ «քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով»։