ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իրական հաշտեցման հասնելու համար Բաքվում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:
Նա նաև ասել է, որ ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը և ՀՀ Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում և արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարևորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան և ապագան կառուցվում են հույսի, խաղաղության և արդարության հիմքերի վրա:
Հայաստանի պարագայում հենց այս գաղափարն է ձևավորել մեր քաղաքականությունը և ուղղորդել մեր քայլերը: Մենք ձգտել ենք այնպիսի ապագայի, որտեղ յուրաքանչյուր ոք կունենա սոցիալական և տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
Սակայն ո՞վ է պարզապես պատկերացնում ավելի լավ ապագա և ո՞վ է այն իրականում ձևավորում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը նրանց է փոխանցվելու: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
Հույսը պահպանել է արդարության հանդեպ մեր ձգտումը և վստահելու կարողությունը: Մեր այսօրվա քայլերը պետք է ծառայեն այդ վստահության ամրապնդմանը: Գալիք սերունդները պետք է համոզված լինեն, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, կայուն է:
Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, և իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը ևս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջև կանգնած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունի ուժ և բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:
Հայաստանը լիովին ընդունել է իր այս պատասխանատվությունը:
2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել: Սա, իսկապես, մեծ ձեռքբերում է: Սակայն մեր տեսլականը ավելի ընդգրկուն է: Մենք հրավիրել ենք Թուրքիային դառնալ գործընկեր և միանալ մեզ խաղաղության հյուսվածքը ձևավորելու գործում: Այդ նպատակով մենք պատրաստակամ ենք խորացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ:
Տասնամյակների անվստահությունից և թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր փուլ է սկսվել: Այս առաջընթացը ամրապնդելու ուղղությամբ ջանքերը այժմ կենտրոնացվել են հաղորդակցությունների զարգացման և տեղում խաղաղության գործնական իրականացումը ապահովելու վրա»,-ասել է ԱԺ նախագահը:
Նա նշել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը ևս մեկ կարևոր հանգրվան է:
«Հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ը ներուժ է ունեցել խթանելու կայունությունը, տնտեսական համագործակցությունը և բարգավաճումը Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս:
Կարգավորման հուսադրող նշանները ակնհայտ են եղել: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան դարձել է թե՛ խորհրդանշական, թե՛ գործնական քայլ տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջապես օգուտ են տվել մեր քաղաքացիներին:
Միևնույն ժամանակ, շարունակում են գոյություն ունենալ լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պահանջել են լուծում:
Այժմ առաջնահերթությունների հստակեցման ժամանակն է, և ապագա սերունդների բարօրության համար դրանք պետք է ընտրվեն խոհեմ կերպով: Իսկ ո՞վքեր են այդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սրբազան պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»,-ասել է Սիմոնյանը:
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։





