AM
17 Ապրիլ 2026 - 06:28 AMT

Սահակյան․ Ադրբեջանի դիմադրությունը ՄԻԵԴ որոշումներին չի կարող անվերջ լինել

Ադրբեջանը դիմադրում է և չի կատարում հայ գերիների պաշտպանությանն առնչվող միջազգային դատական ակտերը, սակայն այդ դիմադրությունը չի կարող անվերջ լինել, ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ապրիլի 9-ին ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ կրկին պարտավորեցնելով այդ երկրի իշխանություններին շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց բժշկական քարտերի, իրականացված հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին։ Դատարանը նաև պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը ներկայացնել գերիների դատավճիռները։

«Ադրբեջանի կողմից, իհարկե, դիմադրություն կա, և նրանք այդքան պատրաստակամորեն չեն կատարում միջազգային դատարանի որոշումները։ Սա պետական գործելակերպ է, որը վարվում է ամենաբարձր մակարդակում, սակայն հասկանալի է, որ դա առաջ է բերում բացասական հետևանքներ, օրինակ՝ պետության հեղինակության անկում և, ինչու ոչ, քաղաքական հարթակներում ճնշման գեներացում։ Այստեղ Ադրբեջանը բոլոր դեպքերում ռեսուրս է կորցնում և հասկանալի է, որ այդ ռեսուրսները անսպառ չեն, ուստի որքան էլ հիմա դիմադրում է և չի կատարում դատական ակտերը, սա չի կարող անվերջ, անորոշ պրոցես լինել»,–ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների փոփոխվող դինամիկայի և լրացուցիչ քաղաքական ճնշման պայմաններում հնարավոր է հասնել վարքագծային կտրուկ փոփոխությունների։

Սահակյանի խոսքով՝ անհրաժեշտ է իրավիճակը գնահատել սառնասրտորեն և չշտապել եզրակացնել, թե միջազգային իրավունքը ազդեցություն չունի։

«Իրավունքի դերը նսեմացնելն ադրբեջանական թեզ է, բայց մեր խնդիրն է ցույց տալ իրավունքի ուժը։ Մի փոքր պետք է երկարաժամկետ հեռանկարով մոտենանք այս հարցերին»,–ասել է նա։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվել է այս տարվա փետրվարի 5-ին, և հրապարակվել են դատավճիռները․ ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ստացել են 20 տարվա ազատազրկում։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվել է առանձին վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։