AM
17 Ապրիլ 2026 - 06:51 AMT

Ծառուկյանի փեսայից և ընտանիքից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ, բաժնետոմսեր և անշարժ գույք

Կոտայքի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ խմբ․) և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ, բաժնետոմսեր և անշարժ գույք: Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած բողոքը՝ իրավական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի կայացրած ակտին:

Ավելի վաղ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայց էր ներկայացրել ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրա հետ փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024-ի հուլիսի 1-ին կայացված վճռով Դատախազության կողմից ներկայացված հայցը՝ ընդդեմ Գուլոյանի, Ռոզա Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ ՀՀ-ի Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, կբռնագանձվի՝

– Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի մոտ 90%-ը,

– Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ,

– «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 բաժնետոմս,

– 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294,900 դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264,000 դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի նաև՝

– 934,000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019-ին ձեռք բերված 267 բաժնետոմսի արժեք,

– 1,227,490,966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,

– 58,120,147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար: