AM
17 Ապրիլ 2026 - 09:00 AMT

ՔԿ նախագահ․ 2025-ին հակառակորդի կողմից սպանություններ չեն գրանցվել

2025թ․ բանակում ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստում: Նա ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։

Նա նշել է նաև, որ չեն արձանագրվել ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 մահացած անձ) և ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 1 դեպք, 2 մահացած անձ):

ՔԿ նախագահը ներկայացնելով կառույցի տարեկան գործունեությունը՝ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննվել է 90,931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 85,341-ի համեմատ, այսինքն աճը կազմել է 5590 վարույթ կամ 6.5 տոկոս։ 90,931 քրեական վարույթից լուծվել է 69,694-ի ընթացքը՝ նախորդ տարվա 63,211-ի համեմատ, այսինքն ընթացքը լուծված գործերն աճել են 6483-ով կամ 10.2 տոկոսով։

Արթուր Պողոսյանը, անդրադառնալով դատավարական ավարտ ունեցող գործերին, նշել է, որ նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների թիվն ավելացել է 2825-ով կամ 23.8 տոկոսով։ Այսպիսով, ավարտված 41,761 քրեական վարույթից 14,650-ը՝ 15,533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան (2024 թվականին՝ 11,825 քրեական վարույթ՝ 12,805 անձի վերաբերյալ)։

ՔԿ նախագահը ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ավարտված և անավարտ գործերով պատճառված գույքային վնասների վերականգնմանը՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է աննախադեպ՝ 47 մլրդ 129 մլն 552 հզր դրամի վերականգնում, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 8 մլրդ 41 մլն 225 հզր դրամով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր դրամ)։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև անչափահասների մասնակցությամբ հանցագործություններին, ընտանեկան բռնության դեպքերին և կոռուպցիոն բնույթի իրավախախտումներին՝ ներկայացնելով համապատասխան վիճակագրություն։