AM
17 Ապրիլ 2026 - 11:09 AMT

ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները կարևորել են երկխոսության շարունակությունը

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման նպատակով։

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։

Ընդգծվել է Միջխորհրդարանական միության նշանակությունը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել և երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև երկխոսության ձևավորման գործում նրա անձնական ներդրման համար։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած հանդիպումից հետո, և պայմանավորվել են շարունակել այդ փոխգործակցությունը։

Նախորդ անգամ Սիմոնյանը և Գաֆարովան հանդիպել են Ժնևում 2025-ի հոկտեմբերին ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ներկայությամբ։