AM
17 Ապրիլ 2026 - 11:30 AMT

«Ուժեղ Հայաստանի» գրասենյակից ձերբակալվածներից 12–ի հանդեպ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ապրիլի 16-ին ձերբակալված 14 անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:

Կուսակցության անդամ Գոհար Մելոյանն իր հերթին հայտնել էր, որ բերման ենթարկվածներից 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն: