«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Թբիլիսյան խճուղում անցկացվող երթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև սկսվել էր հրմշտոց և քաշքշուկ։ Իրավապահները երթի ավարտին մոտ պահանջել են, որպեսզի մասնակիցները դուրս գան փողոցից և շարունակեն շարժվել մայթով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշել են նախարարությունից։
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատարան է բերվել ոստիկանական ավտոմեքենայով։ Դատարանի բակում նրան դիմավորել են աջակիցներն ու համակիրները՝ ծափահարություններով և «Սամվել», «Սամվել» վանկարկումներով, հայտնում է Panorama.am-ը:
Կարապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ ներկայումս խոսելու իրավունք չունի։
«Դատարանը սահմանափակումը վերացվի, սիրով կպատասխանի»,-ասել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 15-ին։ Պաշտպան Արամ Վարդևանյանը գործը բնութագրել է որպես ակնհայտ ապօրինի և քաղաքական դրդապատճառներով հարուցված՝ նշելով, որ դրանում բացակայում է ողջամտության տարր։ Նրա խոսքով՝ ներկայացված թվերը ուռճացված են, իսկ Կարապետյանին վերագրված գործողությունները չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ վերջինս բազմապատիկ ավելի մեծ ծավալով բարեգործություն է իրականացրել Հայաստանի և Արցախի համար։
Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է միջնորդություն՝ Կարապետյանին ազատելու տնային կալանքից՝ հիմնավորելով, որ նա զրկված է իր գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի ձևավորման աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից, հատկապես երբ մոտենում է կուսակցության համագումարը։
Դատարանը որոշել է այս հարցը քննարկել առաջնահերթ կարգով։
Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի գործով դատախազ Արգամ Դալլաքյանը միջնորդել է երկարաձգել տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով։
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության հարցով առաջին դատական նիստը նշանակվել էր ապրիլի 15-ին, սակայն հետաձգվել է մինչև ապրիլի 17-ը։





