AM
17 Ապրիլ 2026 - 12:25 AMT

Աբրահամյան. Այս պահին սահմանին դեպքեր չեն գրանցվում, քանի որ ամբողջությամբ ընդունել են ադրբեջանական օրակարգը

Այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև իշխանությունն «ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական օրակարգը», գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:

«2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ դիտորդի դեր ստանձնած և Արցախը Ադրբեջան ճանաչած իշխանությունն այժմ խոսում է Արցախի ներքին գործընթացների կամ կռվել-չկռվելու մասին։

Ավելին, այսօր ԱԺ փոխխոսնակն ավելի առաջ գնաց, ասում է՝ մեր հաստատած խաղաղությունից հետո սահմանին մարդիկ չեն սպանվում, իսկ նախկինում՝ ամեն տարի, տասնյակներով սպանվում էին:

Իրենց պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի դեմ 6-7 պատերազմ, ագրեսիա է արձանագրվել՝ իրենց իսկ արկածախնդիր քաղաքական կուրսի պատճառով, որի հետևանքը մեր հայրենիքի տարբեր հատվածների օկուպացիան է և հազարավոր մարդկանց նահատակությունը:

Իսկ այս անձինք դեռ խոսում են նախորդ տարիների կորուստների կամ դրա թվի մասին:

Մի բան էլ. այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ամբողջությամբ ընդունել եք ադրբեջանական օրակարգը և շաժվում եք դրանց իրացման ճանապարհով, իսկ հիմա էլ մեծ թվով մարդիկ բանակում մահանում են խաղաղ պայմաններում, որովհետև բանակի բարեփոխումների անվան տակ գնացել եք դրա բարոյալքման և կազմաքանդման ճանապարհով»:

2025թ․ բանակում ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստում: