AM
17 Ապրիլ 2026 - 12:50 AMT

Մայր Աթոռ. ՔԿՀ պետի ապօրինի որոշմամբ արգելվել է եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի «ապօրինի որոշմամբ արգելվել է եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր», ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորել է արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և, չխոչընդոտելով եկեղեցու առաքելությունը, վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։

«ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է ՀԱԵ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլն իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:

Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց եկեղեցին:

Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի։

Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին»,-ասվում է հայտարարության մեջ:

Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից: 2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է ՔԿՀ-ների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվել է պայմանգիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: