AM
17 Ապրիլ 2026 - 14:31 AMT

ԿԸՀ նախագահը ներկայացրել է, թե որ դեպքերում քաղաքական ուժի գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին առկա է մեկ առաջադրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և մինչև Ազգային ժողով հասնելը այլ առաջադրումներ չեն եղել։

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքով հստակ սահմանվել են այն դեպքերը, երբ կարող է մերժվել կուսակցության կամ դաշինքի գրանցումը, ինչպես նաև այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն քաղաքական ուժերը գրանցման համար, հայտնում է 1lurer.am-ը:

Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր է, որ ԿԸՀ-ն մերժի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը, Հովակիմյանը պատասխանել է, որ այդ հարցը չի առնչվում Ընտրական օրենսգրքով կարգավորվող գործընթացներին և իր իրավասության շրջանակում չէ։

Պարզաբանելով, թե որ դեպքերում կարող է ուժը կորցրած ճանաչվել կուսակցության գրանցումը, նա նշել է, որ եթե քաղաքական ուժը պատշաճ ներկայացրել է փաստաթղթերը և գրանցվել է, սակայն հետագայում թույլ է տվել օրենքով սահմանված խախտումներ, օրինակ՝ պարզվել է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են, ապա կարող է առաջանալ նման հարց։

Հարցին՝ արդյոք ընտրակաշառքը կարող է հիմք հանդիսանալ նման որոշման համար, Հովակիմյանը նշել է, որ յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի փաստերի հիման վրա՝ հաշվի առնելով համակարգված խախտումները, կեղծարարության նախապատրաստման կամ այլ նմանատիպ գործողությունները։

Նա նաև ընդգծել է, որ նման դեպքերում ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան՝ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

«Բայց կրկնում եմ՝ դա պետք է լինի ծանրակշիռ փաստերի պարագայում: Այս դեպքում վարչական դատարանը գործը քննում է արագ, 5-հոգանոց կոլեգիալ կազմով, և վճիռը կայացնելուց հետո այն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- ասել է նա՝ հավելելով, որ ԿԸՀ-ն գործում է բացառապես փաստերի հիման վրա։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: