Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ վերջին երեք օրերի խորհրդարանական քննարկումները զգալիորեն թարմացրել են ներքաղաքական և նախընտրական օրակարգը: Նրա խոսքով՝ այդ փոփոխությունն արտահայտվել է այն մոտեցմամբ, որ պատերազմի և նույնությամբ նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը։
«Որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց և հրապարակվեց, այդ ուժերն իրենց կողմնակիցներին անվանում են ինչպես «շուն ու շանգյալ, և բոշա», և հետևաբար առավել ևս այս պայմաններում, ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից և ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկին»,-ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը:
Նա նշել է, որ չի կարող դրան հավատալ, քանի որ այդպես մտածելը կնշանակի անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
«ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկության իրենց վերաբերմունքն արտահայտեն և պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին, և որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության երեք ուժերին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն որպես «շուն ու շանգյալ» և դուրս շպրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից, և նրանք չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սա է թարմացված քաղաքական օրակարգը։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ»,-եզրափակել է Փաշինյանը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





