Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ցանկանում ենք ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր TRIPP նախագծի իրագործումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում:
Նա անդրադարձել է Իրանի շուրջ զարգացող իրադարձություններին, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի հետ կապված ընթացիկ գործընթացների հետևանքով առաջացած կամ հնարավոր տնտեսական և լոգիստիկ ճգնաժամային իրավիճակներին, ինչպես նաև այլընտրանքային ուղիների որոնման անհրաժեշտությանը, հայտնում է Արմենպրեսը:
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում ևս արտահայտել է իր դիրքորոշումը Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
«Գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, կարծես թե, առաջընթացի դինամիկա են ցույց տալիս։ Մենք այլընտրանքներ, ընդհանուր առմամբ, ձևավորում ենք, բայց Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ապրանքների ներկրումը Հայաստան և Հայաստանից ապրանքների արտահանումն էականորեն կհեշտանա»,-ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում արդեն ձևավորվել է նաև այլընտրանքային կապուղի՝ Կենտրոնական Ասիայի միջոցով Չինաստանի հետ երկաթուղային կապը՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։
«Ենթադրում եմ, որ գործարարները բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեն, որ Իրանի տարածքով ապրանքներ բերելու խնդիր կա, այդ ուղղությամբ կբերեն»,-ասել է վարչապետը։
Փաշինյանը ընդգծել է, որ նշված հարցերով կառավարությունը զբաղվել է դեռ նախորդ տարվանից, երբ տարածաշրջանում արձանագրվել է լարվածության աճ։
«Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ չենք ունենա։ Գնաճն ուրիշ խնդիր է, որովհետև եթե ծագման կետում այդ ապրանքի գինն աճում է, ապա դրա վրա մեր ազդեցության հնարավորությունները սահմանափակ են»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ մատակարարումների առումով առկա են այլընտրանքային տարբերակներ, սակայն վստահություն է հայտնել, որ իրավիճակի կարգավորման պայմաններում առաջիկայում կիրականացվի TRIPP նախագիծը, որի արդյունքում կձևավորվի Իրան-Հայաստան և Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





