Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն նաև ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացին, բարդություններին վերաբերող հարցեր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ վիզաների տրամադրման գործընթացին առնչվող հարցերը մշտապես քննարկվում են Եվրամիության գործընկերների հետ, գրում է Արմենպրեսը:
«Վերջին բանակցությունների ընթացքում մենք այդ հարցը բարձրացրել ենք և, իհարկե, Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,-նշել է վարչապետը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ չնայած կառավարությունը խրախուսում է ցածրարժեք ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններին, քաղաքացիները բախվել են վիզաների համար հերթագրման դժվարությունների, վարչապետը արձագանքել է, որ այդ խնդիրների և հերթերի հիմնական պատճառը դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերի աննախադեպ աճն է՝ 2017 թվականի համեմատ՝ 580 տոկոս։
«Մենք արդեն մի քանի տարի է, ինչ այս թեմայով զբաղվում ենք․ գործընկերներն ասում են, որ ոչ ոք չէր կանխատեսել, որ հոսքերի նման մեծացում է տեղի ունենալու»,-ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ հենց այս իրավիճակն է դարձել պատճառ, որ Հայաստանը և Եվրամիությունը սկսել են բանակցել վիզաների ազատականացման շուրջ։ Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վարում է նման բանակցություններ։
«Ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունքներ կարձանագրենք»,-վստահեցրել է վարչապետ Փաշինյանը։
2026թ. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու էՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Եվրոպական միությունը ներկայացնելու են Եվրոպական խորհրդի նախագահԱնտոնիու Կոշտանև Եվրոպական հանձնաժողովի նախագահՈւրսուլա ֆոն դեր Լայենը: Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026թ. մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:





