Նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է կատարվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նույնիսկ կա առաջարկ, որ սահմանադրության անցումային դրույթներում ունենանք կետ, ըստ որի՝ սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար, և նրանք վերանշանակվեն միայն բարեվարքության նոր ստանդարտների հաստատումից հետո»,- շեշտել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Վարչապետը նաև ընդգծել է, որ չեն ցանկանում հրապարակել նախագծը՝ առանց նախապես այդ հարցերի շուրջ լիարժեք քննարկումների։
«Չեմ ուզում հրապարակենք նախագիծը՝ առանց այդ բանավեճերը հասցեագրելու, բայց, ցավոք, նախընտրական շրջանն ավելի արագ տեմպերով է ընթանում։ Եթե չհասցնենք հասցեագրել, հրապարակումը կթողնենք ընտրություններից հետո»,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, «չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»:





