Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության համատեղելիության հարցին, հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացնի ժողովուրդը:
Նա նշել է, որ իրավական առումով հնարավոր չէ միաժամանակ անդամակցել երկու միություններին՝ հավելելով, որ Հայաստանը չի շտապում ընտրություն կատարել:
«Մենք գիտենք, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն և Եվրոպական միությունը, բայց քանի դեռ մեր օրակարգերը համատեղելի են, մենք ընտրություն չենք կատարի։
Քանի դեռ Եվրոպական միության հետ մերձեցման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են, ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»,-ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ կա որոշակի «համատեղելիության տարածք»։
«Երբ կգա այն պահը, երբ համատեղելիության տարածք չի լինի, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը, բնականաբար, հանրաքվեով կկայացնի որոշում»,-ասել է վարչապետը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հաշվի առնեն Երևանի կողմից Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության հնարավոր հետևանքները: Ըստ նրա՝ Մոսկվայի համար ակնհայտ է, որ Հայաստանին նախապատրաստում են Եվրամիություն մտնելուն, որը Ռուսաստանի համար դարձել է թշնամական բլոկ:





