AM
21 Ապրիլ 2026 - 06:35 AMT

Միրզոյանն ու Պրևոն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ, քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակում։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային հարցերին, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող թեմաներին։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների վերաբերյալ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Մաքսիմ Պրևոն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով աջակցում է Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ստեղծել միջազգային մեխանիզմ, ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի տարածքից՝ մինչև 2021 թվականի մայիսի 12-ին զբաղեցրած դիրքեր, ինչպես նաև լուծում տալ Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցին։ Բաքուն ԱԳՆ է կանչել և բողոք է հայտնել Բելգիայի դեսպանին խորհրդարանի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերի պատճառով։