AM
21 Ապրիլ 2026 - 08:28 AMT

Փաշինյան. Մայր Աթոռ Սբ Էջմիածինն ախտահարված է, եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից

Մայր Աթոռ Սբ Էջմիածինն ախտահարված է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտել նաև եկեղեցու բարենորոգման օրակարգը։

Նա հայտարարել է, որ հնարավոր չէ ախտահարված Սրբության սրբոցի պայմաններում ունենալ արժեքահեն հանրություն և որ «այս ընտրություններում ՀՀ ժողովուրդը նաև պետք է այս հարցը լուծի», հայտնում է Արմենպրեսը:

«Եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից, և ավելին՝ եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ։

Եվ երկրորդը՝ շատ է խոսվում նրա մասին, որ, օրինակ բարենորոգման օրակարգը եկեղեցու դեմ է։ Ընդհակառակը՝ բարենորոգման օրակարգը հանուն եկեղեցու է։ Բայց մենք նաև պետք է հասկանանք, թե ի՞նչ է եկեղեցին՝ համաձայն քրիստոնեական տեսության, համաձայն Նոր կտակարանի։ Եկեղեցին առաջին հերթին հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին։ Այո, հոգևոր սպասավորները եկեղեցու մաս են, բայց հոգևոր սպասավորները եկեղեցին չեն, եկեղեցին ժողովուրդն է, որովհետև Հիսուս Քրիստոսն ասում է՝ «Այնտեղ, որտեղ իմ անունով երեք հոգի կհավաքվեն, դա է եկեղեցին։

Եվ խնդիրն այն է, որ եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում եկեղեցի-ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է, Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Ավելին ասեմ՝ ընդհանրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է հոգևոր դասի ներկայացուցիչները հնարավորություն չունենան օգտվել սոցիալական երաշխիքների այն համակարգերից, որոնք գործում են Հայաստանում քաղաքացիների համար։ Եվ նաև այստեղ է երևում, որ ոմանք փորձում են եկեղեցին դուրս դնել պետությունից և փորձում են եկեղեցին դնել պետություն պետության մեջ տրամաբանության մեջ, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հստակեցրել է, թե ինչո՞ւ է այս հարցն արծարծվում առաջիկա ընտրությունների համատեքստում և ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժն այս հարցով դիմում ժողովրդին։

«Հայաստանի քաղաքացիները պետք է պատասխանեն այս հարցին, իսկ ինչքանո՞վ է իրենց համար ընդունելի, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին, ըստ էության, պաշտոնապես, ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ, հոգևոր քարոզները թողած՝ զբաղված են քաղաքական քարոզներով։ Ընդ որում, այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել են և անցնում են օրենքի գծերը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ եկեղեցին խուսափում է հանրության առաջ հաշվետու լինելուց, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք վաղուց ենք խոսել, որ եկեղեցին պետք է հարկեր վճարի: Եկեղեցին ժողովուրդն է, երբեք որևէ կաթողիկոս չի եղել եկեղեցին»,- ասել է Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 10-րդ կետը վերաբերվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին և դրա ճանապարհային քարտեզին.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝ա)Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),բ)Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,գ)Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,դ)Սահմանված կարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։