Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, «պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին», հայտարարել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա նշել է, որ դա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը:
Դանիելյանի դիտարկմամբ՝ ՀԱԵ-ն զրկվել է իր հոգևոր ներկայացուցիչներ նշանակելու հնարավորությունից, իսկ ծառայության են նշանակվել պետական կառույցների հետ պայմանագրեր կնքած և աշխատավարձ ստացող այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին
«Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածին. «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում»: Ի դեպ, այս օրենքում չխախտված հոդված արդեն չի մնացել, սկսած՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ենթաօրենսդրական ակտերով հանելուց: Բնորոշն այն է, որ նախապատվությունը տրվում է ոչ թե «գործող» օրենքը փոխելուն, այլ պարզապես այն չնկատելուն:
Նույն կերպ, Ներման հանձնաժողովում վերջին օրերին կատարված փոփոխությունների արդյունքում չի կարող Հայ Եկեղեցու ներկայացուցիչ համարվել առանց Հայ Եկեղեցու համաձայնության նշանակված անձը:
Այսպիսով, Բագրատ սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ hաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից …»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ «Սրբազան պայքարը» պարզաբանել էր, թե ինչու է Բագրատ սրբազանի հրաժարվել Սուրբ հաղորդությունից՝ նշելով, որ «արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է ՀԱԵ կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր»:
«Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր: Վերագրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել»,-ասվում էր պարզաբանման մեջ:





