Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին ՀՀ կժամանի պետական այցով: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին քննարկել են այցի մանրամասները։
Փոխվարչապետն առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարևորությունը:
Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:
Էմանուել Մակրոնը Հայաստանում եղել է 2018 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Հաջորդող տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հրավիրել է Մակրոնին այցելել Հայաստան, սակայն այց տեղի չի ունեցել:





