AM
21 Ապրիլ 2026 - 11:44 AMT

Զուրաբյան․ Մենք պետական քաղաքականության օրակարգում չենք դրել Ցեղասպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել

Անկախացումից հետո պետական քաղաքականության օրակարգում չենք դրել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել, գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ ապրիլի 24-ին ՀԱԿ-ը կմասնակցի օրվա համաժողովրդական միջոցառումներին «Հիշողությունը չես ջնջի» երթով:

«Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ:

Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա:

Ապրիլի 24-ին ժամը 11-ին միասին դեպի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր»,-գրել է Լևոն Զուրաբյանը։