ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը, ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Փաշինյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծելով Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ու ակտիվ երկխոսության նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով համագործակցության զարգացման հնարավորություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։
Զրույցի ընթացքում կողմերը փոխանակվել են նաև տեսակետներով տարածաշրջանային անվտանգության միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի վերաբերյալ։





