AM
21 Ապրիլ 2026 - 12:08 AMT

Ծառուկյան․ Չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից, Արցախից

Երբեք ու երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, «երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, կամ կվախենա խոսել Ցեղասպանությունից, Արցախից», ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «111-ամյա արդիականություն. Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» թեմայով մասնագիտական խորհրդաժողովի ժամանակ:

«Դա մեզ պատիվ չի բերում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ ամեն երկիր, պետություն իր պատմությունն ու կենսագրությունն ունի, ինչքան հարուստ է պատմությունը, այնքան հզոր է պետությունը։

Ծառուկյանը ներկաներին հիշեցրել է, իր մորական տատն ու պապն էլ եկել են Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից, հաստատվել են Հայաստանում, ընտանիք կազմել։

«Մենք չենք կարող մեր պատմությունը մոռանալ, դա մեզ պատիվ չի բերում։ Ցանկացած բարդ խնդիր պահանջում է նման հանդիպումներ, քննարկումներ»,-նշել է քաղաքական գործիչը։

Նա անընդունելի է համարել նաև այն մոտեցումները, որոնք ուղղված են Արցախի թեման մոռացության մատնելուն։

«Ո՞նց կարող ենք մոռանալ։ Հիմա ոչնչացնում են այնտեղ հայկական մշակույթը, դա չարիք է»,-ասել է նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ: Հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։