AM
21 Ապրիլ 2026 - 12:25 AMT

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ընտրություններին կմասնակցեն միասին

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին, ասվում է «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։

Համագործակցության հիմքում ընկած է՝

  • Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,
  • Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,
  • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,
  • Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: