Արցախցիները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտումների հիմքով, հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն:
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնածավալ իրավական աշխատանք՝ հիմնական նպատակ ունենալով միջազգային իրավական գործիքների կիրառմամբ արձանագրել և բարձրաձայնել այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44-օրյա պատերազմի և 2023թ․ իրադարձությունների հետևանքով։
«Բռնի տեղահանման արդյունքում հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, խախտվել է արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, այդ թվում իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքից, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1–ին արձանագրության 1-ին հոդվածում»,– ասված է հայտարարույթյան մեջ։
Կենտրոնի գնահատմամբ՝ այս գործընթացում կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումը և դրա իրագործման հնարավորության ապահովումը, քանի որ խոսքը վերաբերում է ամբողջ ժողովրդի հայրենիք վերադառնալու իրավունքին։
«Ներկայումս տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։
Գործընթացի շրջանակում Նախաձեռնությունը ընդունում է բռնի տեղահանված արցախցիներին, որոնք ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։
Յուրաքանչյուր գանգատ ներառում է նաև անհատական պատմություններ սեփականության կորստի, տեղահանման հանգամանքների, ինչպես նաև Արցախի շրջափակման ընթացքում ստեղծված ծանր ու անմարդկային պայմանների մասին։ Պատմությունները ձևավորում են հավաքական տեղահանման և վերադարձի իրավունքի խախտման ամբողջական պատկերը։ Հաճախ գանգատներին կից ներկայացվում են նաև սեփականության լուսանկարները և այլ մեդիա նյութեր, որոնք պատկերում են տուժածների անձնական կյանքը մինչև բռնի տեղահանումը։
Առաջին գանգատները դատարան են ներկայացվել 2024թ․ վերջին, իսկ 2025թ․-ին գործընթացն ավելի լայն ընդգրկում է ստացել։ 2026թ ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են՝ մոտ 500-ից ավելի գանգատների միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։





