AM
21 Ապրիլ 2026 - 14:20 AMT

Քննարկվել է Հայաստանի և ESCAP-ի համագործակցությունը COP17-ի շրջանակում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և ESCAP-ի համագործակցությունը COP17-ի շրջանակում:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ESCAP-ի միջև ձևավորված համագործակցությունը և քննարկել դրա հետագա խորացման հնարավորությունները՝ մասնավորապես տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է փորձի փոխանակման և կարողությունների զարգացման կարևորությունը։

Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները տարածաշրջանային կապակցվածության խթանման ուղղությամբ՝ այն դիտարկելով որպես խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման և սոցիալական առաջընթացի կարևոր գործոն։ Նա նաև կարևորել է Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժի լիարժեք օգտագործումը՝ առանձնացնելով TRIPP ծրագրի իրականացումը։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: