AM
21 Ապրիլ 2026 - 15:04 AMT

Հակոբյան․ Արցախը փակված էջ չէ

Արցախը փակված էջ չէ, գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում Գորիսում բռնի տեղահանված արցախցիների հետ հանդիպումից հետո՝ վերահաստատելով նրանց հիմնական պահանջը՝ հայրենիք վերադարձը։

«Գորիսում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիների հետ հանդիպեցինք։ Գիտակցելով այս հանդիպումների անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ միևնույն է, դրանք չափազանց ծանր են, որովհետև մարդիկ պարզապես չեն ներկայացնում սոցիալական խնդիրներ․ խոսում են կորսված հայրենիքից, ոտնահարված արժանապատվությունից և անպատասխան մնացած արդարությունից»,-նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Հակոբյանը հավելել է, որ այդ մարդիկ այսօր ապրում են ոչ միայն նյութական դժվարությունների մեջ, այլ նաև խոր ներքին ցավով՝ հայրենիքից բռնի զրկված լինելու և սեփական պետության կողմից լքված լինելու զգացումով։

«Այդ զգացումը կա յուրաքանչյուր պատմության մեջ, յուրաքանչյուր հայացքում։ Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։

Մենք կանգ չենք առնելու…պիտի հաստատվի արդարություն, անվտանգություն և վերադարձի իրական հնարավորություն։ Այս իշխանություններով չկա դրանցից ոչ մեկի հնարավորությունը։

Փոխարենը կա պարտվողական քաղաքականություն, որը փորձում է հաշտեցնել մեզ կորստի հետ, լռեցնել ցավը և մոռացության տալ իրավունքները։ Բայց մենք չենք մոռացել, և չենք էլ մոռանալու։

Այս հանդիպումները ոչ միայն ցավի արձանագրում են, այլ նաև հստակ պահանջ՝ վերականգնել արժանապատվությունը, ապահովել մեր իրավունքները և դադարեցնել պարտվողական ու վտանգավոր քաղաքականությունը, որը մեզ կանգնեցրել է այս իրականության առաջ»,- արցախցիների հետ հանդիպումից հետո գրել է Մետաքսե Հակոբյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։