ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները կավարտվեն «գերազանց գործարքով»։
«Կարծում եմ՝ կավարտենք գերազանց գործարքով», – հայտարարել է Թրամփը CNBC հեռուստաալիքին։
Նա նաև նշել է, որ Իրանն այլընտրանք չունի և ստիպված է մասնակցել բանակցություններին ԱՄՆ-ի հետ։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը բանակցային գործընթացում ունի ուժեղ դիրքեր՝ հատկապես առաջիկա հնարավոր հանդիպումների նախաշեմին։
Ավելի վաղ CNN-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել ապրիլի 22-ին Իսլամաբադում։
Թրամփը հայտարարել է նաև, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հաստատված հրադադարը։
«Ոչ, ես չեմ ուզում դա անել», – ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ նա հրապարակայնորեն մեղադրել է Իրանին՝ հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու մեջ, սակայն այդ պնդումները չի ուղեկցել ապացույցներով։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իրանի հետ վերջնական համաձայնության ձեռքբերումը։
«Մենք չենք պատրաստվում բացել նեղուցը, մինչև չկնքենք վերջնական գործարքը», – ասել է Թրամփը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են լայնածավալ գործողություններ Իրանի դեմ, իսկ ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել է երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին կողմերը անցկացրել են մի քանի փուլ բանակցություններ Իսլամաբադում, սակայն, ինչպես հետագայում նշել են Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել հասնել երկարաժամկետ համաձայնության՝ առկա տարաձայնությունների պատճառով։





