ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է հայտնի բարերար, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում փոխանցված ուղերձին, որով կոչ էր արվում այցելել գերիներին:
Մանասյանը նշել է, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Մանասյանը նաև պարզաբանումներ է ներկայացրել ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀպետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանարապետությունում։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում»,-ասվում է պարզաբանման մեջ:
Նշվում է նաև, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա:
«Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
ՀՀ ՄԻՊ հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։
Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում»,-ասվում է հայտարարության մեջ:
Մանասյանը վերահաստատել է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, ինչն առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից։
Վարդանյանը հորդորել է ՄԻՊ-ին դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը և հարց է բարձրացրել, թե ինչու տնտեսական համագործակցության և այլ հարցերով «Բաքու այցելող ՀՀ պատվիրակությունների անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին»: Նա հավելել է, որ իր կինը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։





