Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի թիմը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է «Ուժեղ Հայաստան» անվանումով դաշինքով։ Դաշինքին միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դաշինքի անվանումից հանվել է Սամվել Կարապետյանի անունը՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում։
Նա նշել է, որ անվան փոփոխության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը շուտով ներկայացվելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնում է Sputnik Արմենիան:
Մելոյանի դիմումի հիման վրա ապրիլի 22-ին ԿԸՀ-ում նախատեսված է արտահերթ փակ նիստ (ԿԸՀ-ն հայտարարել է, որ առաջադրման հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 23-ի ժամը 18:00-ն է)։
Դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի հանդիպման ընթացքում հրապարակվել է նաև նախընտրական ամբողջական ցուցակը։ Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու այդ ցուցակում ընդգրկված չէ Սամվել Կարապետյանի անունը։
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող ցուցակում լինել, քանի որ նա այս պահին չի համապատասխանում ՀՀ վարչապետի համար ներկայացված ցենզերին։ Նա կդառնա վարչապետ, երբ մենք հաղթենք ընտրություններին ու իրականացնենք սահմանադրական բարեփոխումներ։ Մենք հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը լինելու է միայն ՀՀ քաղաքացի»,– ընդգծել է նա։
«Ապրելու երկիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները ստորագրել են հուշագիր՝ առաջիկա ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ։ Կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը հանդիպման ընթացքում նշել է, որ հունիսի 7-ի ընտրությունները ընտրություն են հանձնվելու և պայքարելու միջև։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է, որ աշխարհում կա կալանավորված 4 միլիարդատեր, որոնցից երկուսը հայ են։
«Մեր ազգն ունի ընդհանուր նպատականեր, և դրանք իրագործելու համար մենք ուրախ ենք միավորվել ամեն անգամ նոր ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, որ այսօր ՀՀ–ում կա։ Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ»,– հայտարարել է նա։
Ճեպազրույցի ընթացքում նա հավելել է, որ կան նաև այլ քաղաքական ուժեր, որոնց հետ ընթացել են քննարկումներ, սակայն չի մանրամասնել՝ ում մասին է խոսքը՝ նշելով, որ արդյունքների մասին կհայտարարվի միայն բանակցությունների ավարտից հետո։
«Կան հասարակական և քաղաքական ուժեր, որոնք հետաքրքրված են»,– ընդգծել է նա։
Մինչ հանդիպումը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վանաձորի նախկին քաղաքապետ, դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցակում փոփոխություններ կլինե՞ն, նշել է, որ առաջին 30 անունները մնացել են անփոփոխ և վերջնական են, իսկ մնացած մասով որոշումը կայացվելու է խորհրդի կողմից և կհրապարակվի հաջորդ օրը։
«Ցուցակի առաջին 30 անունների մեջ այլևս փոփոխություն չի լինի»,– նշել է նա։
Ընտրացուցակի առաջին տասնյակում ընդգրկված են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Ավետիս Առաքելյանը, Մարիաննա Ղահրամանյանը և Հայկ Սուքիասյանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին։





