AM
22 Ապրիլ 2026 - 06:55 AMT

Միրզոյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Երևանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնը քննարկել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։

Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ:

Համիլթոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպմանն ասել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։