Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելությունը (EUPM Armenia) ձևավորվել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության բարձրացմանը և ճգնաժամերը կառավարելու կարողությունների ամրապնդմանը։ Այդ մասին նշվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է Արմենպրեսը:
Հաղորդագրության համաձայն՝ առաքելությունն աջակցելու է Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների հաղթահարման գործում, որոնց թվում են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը, կիբերհարձակումները, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը։
EUPM Armenia-ն տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն և աջակցելու է կարողությունների զարգացմանը տարբեր նախարարությունների և պետական կառույցների համար՝ նպաստելով հասարակության և պետական համակարգի առջև ծառացած սպառնալիքներին արձագանքելու քաղաքականությունների մշակմանը։ Միաժամանակ այն խթանելու է ամբողջական՝ ամբողջ կառավարությանը ներառող մոտեցման ձևավորումը։
Առաքելությունն ապահովելու է նաև օպերատիվ խորհրդատվություն և ունենալու է նախագծային բաժին, որը զբաղվելու է մանդատի շրջանակում ընդգրկված ոլորտներում կոնկրետ գործողությունների բացահայտմամբ և իրականացման աջակցությամբ՝ համագործակցելով համախոհ գործընկերների հետ։
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը բախվում է զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Նրա գնահատմամբ՝ առաջիկա տարիներին ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը տրամադրելու է փորձագիտական աջակցություն, զարգացնելու է պետական մարմինների կարողությունները և ձևավորելու է թիմ, որը կհետևի հրատապ միջամտություն պահանջող ոլորտներին՝ նպաստելով Հայաստանի դիմակայունության պահպանմանը։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը ունենալու է նախնական 2-ամյա մանդատ, իսկ դրա օպերատիվ շտաբը տեղակայվելու է Հայաստանում։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական օպերացիաների շտաբի կառավարման տնօրեն Ստեֆանո Տոմատը նշանակվել է Քաղաքացիական օպերացիայի հրամանատար՝ իրականացնելու EUPM Armenia-ի ռազմավարական մակարդակի ղեկավարումն ու վերահսկողությունը՝ Խորհրդի Քաղաքական և անվտանգության կոմիտեի քաղաքական վերահսկողության և ռազմավարական ուղղորդման ներքո, ինչպես նաև Բարձր ներկայացուցչի ընդհանուր լիազորության շրջանակում։
Առաքելության ղեկավարի նշանակումը, որը պատասխանատու է լինելու տեղում գործողությունների կառավարման համար, սպասվում է առաջիկայում։
Նշվել է, որ EUPM-ը, որը տեղակայվում է Հայաստանի իշխանությունների դիմումով, հանդիսանում է երկրորդ քաղաքացիական առաքելությունը CSDP ձևաչափում՝ լրացնելով 2023 թվականին ստեղծված Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA), որի նպատակն է տեղում իրավիճակի դիտարկումն ու զեկուցումը՝ նպաստելով վստահության ամրապնդմանը և մարդկային անվտանգության ապահովմանը հակամարտությունից տուժած տարածքներում։
Բրյուսելում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության ու մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության ներկայացուցիչները ստորագրել են վարչական համաձայնագիր, որը նախատեսում է խորացնել համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ աղետների կանխարգելման, պատրաստվածության, արագ արձագանքման և վերականգնման ուղղություններով, հայտնում է ՆԳՆ:
«Համաձայնագիրը քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ է՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները և տեղեկատվության փոխանակումը։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից, պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։
«Առավել դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու մեր հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- նշել է Մաչեյ Պոպովսկին։
Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ աղետների ռիսկերի նվազեցման` այդ ոլորտում թվային գործիքակազմերի կիրառման, պատրաստվածության, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով:
Կողմերն անդրադարձել են նաև ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում համագործակցության հնարավորություններին, փորձի փոխանակման և համատեղ գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։ Քննարկվել են վարչական և տեխնիկական համագործակցության խորացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև աղետների ժամանակ համակարգման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հարցեր:
2025 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը հաստատել է համագործակցության նոր ռազմավարական օրակարգը։ Այն հիմնված է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և համարվում է հարաբերությունների խորացման կարևոր քայլ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ուղղությամբ։





