Amnesty International-ի նոր զեկույցի համաձայն Հայաստանում ոստիկանության բարեփոխումները, ներառյալ 2024 թվականին հավաքների վերահսկման բարելավման նպատակով ընդունված նոր օրենքը, չեն փարատել ցույցերի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության անպատժելիության շուրջ մտահոգությունները։
Զեկույցում առանձնահատուկ շեշտադրում է արվել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաների վրա՝ արձանագրելով, որ հենց այդ ժամանակահատվածում առավել ակնառու են եղել մարդու իրավունքների խախտումները, հայտնում է Factor.am-ը:
Amnesty International-ը փաստել է, որ թեև առկա են ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման բազմաթիվ ապացույցներ, հետագա քրեական վարույթներ հարուցվել են միայն ցուցարարների դեմ։ Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ քրեական հետապնդման է ենթարկվել 16 ցուցարար, մինչդեռ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
Կազմակերպության գնահատմամբ՝ այս իրավիճակը վկայում է, որ ոլորտում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները դեռևս չեն ապահովել ոստիկանության գործողությունների նկատմամբ բավարար հաշվետվողականություն։
2025-ի ապրիլի զեկույցում Amnesty International-ը նշել է՝ ապրիլին և մայիսին վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ անօրինի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։
Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև՝ սահմանի սահմանազատման համաձայնագրի դեմ անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում։ Արդյունքում վիրավորվել է 101 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան, իսկ 98 անձ, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է։ Առնվազն 15 անձ հետագայում մեղադրվել է խուլիգանության և հասարակական կարգը խախտելու մեջ։
Ոստիկանության արձագանքի համաչափության և օրինականության վերաբերյալ իրականացված հետաքննությունից հետո իրավապահ մարմնի որևէ աշխատակցի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։





