Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախաքննությունը՝ կապված «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեում արձանագրված ենթադրյալ չարաշահումների և հափշտակության դեպքի հետ։
ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները և խարդախ եղանակով իրականացրել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։
«Պարզվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից Կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականը վերադարձված 210,946,800 ՀՀ դրամը չի փոխանցել ՀՀ պետական բյուջե: Փոխարենը՝ կազմել է կեղծ հանձնարարագրեր և ներկայացրել գլխավոր քարտուղարների հաստատմանը:
Վերջիններս իրենց հերթին, գործելով անզգուշությամբ և տեղյակ չլինելով պաշտոնյայի հանցավոր մտադրությունների մասին, հաստատել են ներկայացված վճարման հանձնարարականները, որի արդյունքում վերը նշված գումարը փոխանցվել է գլխավոր հաշվապահի անվամբ գրանցված հաշիվներին:
Արդյունքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձը պետական բյուջե վերադարձման ենթակա 210,946,800 գումարից, ինչպես նաև Կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից հափշտակել է ընդհանուր մոտ 187,506,457 ՀՀ դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր հաշվապահի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը։ Նախաքննության ընթացքում նա վերականգնել է ենթադրյալ հափշտակված գումարից 110,100,000 դրամ և հայտնել է պատրաստակամություն՝ դատաքննության ընթացքում փոխհատուցել մնացած վնասը։
Բացի այդ, պաշտոնեական անփութության և պետությանը առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հիմքով մեղադրանք է ներկայացվել նաև երկու անձանց, որոնք տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել են կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





