Հայաստանի ընտրություններին «ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և YouTube-յան օգտահաշիվների ցանկը փոխանցվել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին», հայտնել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
«Այդ ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներով դիմել են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի ընտրությունները ռուսաստանյան միջամտությունից պաշտպանելու ուղղությամբ։
Այսօր իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել Ջին Շահինին։ Բազմաթիվ առիթներ եմ ունեցել երկարամյա ամերիկացի սենատորի հետ հանդիպելու և Հայաստանի ու հետխորհրդային տարածքի շուրջ բովանդակային քննարկումներ ունենալու։ Նա ԱՄՆ Սենատում Հայաստանի լավագույն բարեկամներից է, և նրա սկզբունքային ու գործուն դիրքորոշումը կարևոր աջակցություն է Հայաստանի ժողովրդավարության և ինքնիշխանության պաշտպանության գործում»,-ասվում է գրառման մեջ:
ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը դիմել են Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ հատկացնել Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխման համար։ Նրանք ընդգծել են, որ առաջիկա ընտրությունները կարևոր նշանակություն են ձեռք բերել երկրի ապագայի համար, քանի որ կարող են «որոշել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների, ինչպես նաև հաղորդակցության նախագծերի ելքը, այդ թվում՝ TRIPP-ի, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչ է»։





