AM
22 Ապրիլ 2026 - 11:05 AMT

Ղումաշյան. Վետերանին անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանը, անդրադառնալով համացանցում տարածված իր գաղտնալսված հեռախոսազրույցին և դրա շուրջ հարուցված քրեական վարույթին, կատարվածը որակել է որպես ուղղորդված ճնշում։

«Ես և ոչ միայն ես, մեր հայ ժողովուրդը մեկնաբանում են դա որպես քաղաքական հետապնդում։ Իմ գործը որևէ առնչություն չունի ընտրական գործընթացների հետ։ Ռեպրեսիաների լուրջ մեքենա է աշխատում մեր դեմ»,- շեշտել է նա, հայտնում է Factor.am-ը:

Խոսելով 103-ամյա վետերանին հեռուստացույց կամ դրամական աջակցություն տրամադրելու դրվագի և ընտրակաշառքի վերաբերյալ հնչած մեղադրանքների մասին՝ նա նշել է, որ խոսքը նախորդ տարվանից եկող խոստման մասին է եղել, որի իրականացման հարցում ինքը խորհրդակցել է իրավաբանների հետ։

«Այո՛, ես խոստացել եմ, որ հեռուստացույց եմ նվիրելու, այո՛, հեռախոսազանգի մեջ ասել եմ, որ եթե հեռուստացույցի կարիք չունի, դրա փոխարեն գումար կարող եմ նվիրել։ Բայց իրավաբաններն ինձ դա թույլ չեն տվել անել, և ես այցելել եմ տիկին Ռոզալիայի տուն և գնացել եմ միայն քաղցրավենիքով։ …Նույնիսկ այն խոսակցությունը, որը ընտրական գործընթացների հետ կապ չունի, իրենք կարող են վերագրել որպես ընտրակաշառք»,-ասել է նա:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ Ղումաշյանը վստահություն է հայտնել, որ իրենց քաղաքական թիմը հաջողություն է գրանցելու։

«Հայաստանի քաղաքացիները շատ վաղուց սպասել են փոփոխությունների, սպասել են նոր ուժի, որին կարող են վստահել։ Ի վերջո, այդ ուժը եկել է. «Ուժեղ Հայաստան» դաշինքն այն ուժն է, որն ի զորու է բերել մեր երկրին փոփոխություններ։ Եվ մենք դա անելու ենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- եզրափակել է նա։

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի թիմը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է «Ուժեղ Հայաստան» անվանումով դաշինքով։ Դաշինքին միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դաշինքի անվանումից հանվել է Սամվել Կարապետյանի անունը՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում։

Նա նշել է, որ անվան փոփոխության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը շուտով ներկայացվելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: