ԿԸՀ-ն ստացել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Այսպիսով, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ ներկայացված պարզաբանում ակնկալող դիմումը։
Նշվում է, որ պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև դաշինքի ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։
Նշվել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ հանձնաժողովը չի անդրադարձել որևէ կուսակցության կամ դաշինքի իրավասուբյեկտության հարցերին, ներառյալ՝ անվանման խնդրին, և տվյալ փուլում նման լիազորություն չի ունեցել։
Ավելի վաղ Մելոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դաշինքի անվանումից հանվել է Սամվել Կարապետյանի անունը՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում։





