Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է: Դատարանը մայիսի 18-ին կհեռանա խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու։
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ավտոշարասյան վարորդ Արամ Նավասարդյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն այդ վճիռը բողոքարկվել է թե՛ տուժող, թե՛ պաշտպանական կողմերի կողմից։ Գործը քննվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի վարույթում, հայտնում է Panorama.am-ը:
Տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը նշել է, որ արդեն անցկացվել են մի քանի նիստեր, որոնց ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, պարզաբանումներ և եզրափակիչ ելույթներ։
«Դատարանն, ըստ էության, ժամանակի սղության պատճառով, որպեսզի հասցնի ամբողջ ծավալին ծանոթանալ, հետաձգել է նիստը։ Մայիսի 18-ին նիստը կհայտարարեն բացված, ապա կհեռանան խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու, եթե, իհարկե, արտառոց բան չլինի»,- ասել է նա։
Դատախազությունը չէր բողոքարկել առաջին ատյանի որոշումը, թեև մեղադրողի միջնորդած պատժից դատավորն ավելի ցածր պատիժ է նշանակել։ Ասլանյանն ասել է, որ դատախազը վերաքննիչ դատարանում չի ներկայացել նիստերին։
Պաշտպանը հիշեցրել է, որ իրենք միջնորդել էին ավելի խիստ պատիժ նշանակել, գույքային հայցն ամբողջությամբ բավարարել:
«Թե ինչ կլինի, չենք կարող ասել»,-նշել է նա:
Մեղավոր ճանաչված Արամ Նավասարդյանը չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, ազատության մեջ է, քանի որ դատավորի որոշմամբ, մեղադրյալն ազատության մեջ է թողնվել մինչև դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։
Իսկ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում դիմելու դեպքում վերաքննիչ դատարանի, նաև վճռաբեկ դատարանի որոշումները հրապարակվելուց հետո։
Անդրադառնալով հնարավոր վաղեմության հարցին՝ Ասլանյանը նշել է. «Վերաքննիչում ավարտել ենք, վաղեմության ժամկետին 11 ամիս կա։ Եթե վերաքննիչ դատարանը դատական ակտը չուշացնի ու կայացանի նոր որոշում ի օգուտ մեզ, կամ անփոփոխ թողնի առաջին ատյանի որոշումը, վեղամության խնդիր չի առաջանա։ Վճռաբեկ դիմելու դեպքում պետք է սահմանափակ ժամկետում որոշում կայացվի, որպեսզի ժամկետը չլրանա։ Այդ բոլորը գուշակելու հարցեր են, հստակ չենք կարող ասել»։
2024 թվականի օգոստոսի 8-ի դատավճռով Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և պատահարի վայրից հեռանալու հոդվածներով։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում, երբ նրա վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջը։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մահացել է՝ գիտակցության չգալով։





