AM
22 Ապրիլ 2026 - 13:13 AMT

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39,341 հատ բաժնետոմս և գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 39,341 հատ բաժնետոմս և դրամական միջոցներ:

Կբռնագանձվի նաև 760,274 ԱՄՆ դոլար ավանդը և դրա վրա հաշվարկված տոկոսները, ինչպես նաև հավելյալ 103,833 դոլար տոկոսային եկամուտները և դրանց նկատմամբ կուտակված տոկոսները։ Բացի այդ, բռնագանձման ենթակա են նաև դրամային միջոցներ՝ ընդհանուր 10,200,549 դրամ, ինչպես նաև 4853 եվրո և դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսներ։

Դատարանը նաև արձանագրել է 2,643,357 դրամի առկայությունը, որը գնահատվել է որպես ապօրինի ծագում ունեցող, սակայն չի կարող բռնագանձվել, քանի որ փոխանցվել է այլ անձանց կամ հնարավոր չէ նույնականացնել։

Արդյունքում, դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո պետության օգտին կփոխանցվեն ինչպես ընկերության բաժնետոմսերը, այնպես էլ ընդհանուր առմամբ 864,107 ԱՄՆ դոլար ավանդ, ավելի քան 10 միլիոն դրամ և եվրոյով միջոցներ՝ ներառյալ դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսները։